Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Միջպետական հարաբերությունների հելսինկյան սկզբունքները՝ հարցականի տակ

Միջպետական հարաբերությունների հելսինկյան սկզբունքները՝ հարցականի տակ
03.01.2026 | 18:54

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմնա ոչ միայն չորս տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ Սպիտակ Տանը տիրացած Հանրապետական կուսակցության առաջնորդ, այլ նաև՝ չկրկնվող քաղաքական վարքագծով և յուրահատուկ գործելակերպով: Այսօրվա վենեսուելական իրադարձությունները, մինչ այդ Ալյասկայում շրջադարձային գագաթնաժողովը Պուտինի հետ, նաև մյուս բոլոր արտաքին և ներքին քաղաքական քայլերը ապացուցում են, որ նա իսկապես անկրկնելի է ԱՄՆ-ի նախագահների շարքում:

Բայց ես ցանկանում եմ նշել, որ թրամփյան գործելակերպը լրջորեն հարվածել է երկու հումանիտար գիտաճյուղերի հեղինակությանը: Նախօրոք հայցում եմ իմ բոլոր լավ բարեկամ և իմ կողմից շատ հարգված սոցիոլոգների և իրավաբանների ներողամտությունը: 2016 թ. ընտրություններում Թրամփը Հաղթեց Հիլարի Քլինթոնին: Մինչ այդ, սոցիոլոգիական բոլոր հարցումների և հետազոտությունների համաձայն, Քլինթոնի հաղթանակը կասկած չէր հարուցում: Ասում են, որ սոցիոլոգիան առավել զարգացած է ԱՄՆ-ում: Լավ հիշում եմ, ընտրություններից հետո գրում էին սոցիոլոգիայի հեղինակազրկման մասին: Վենեսուելայի վրա հարձակումը վերջակետ դրեց նաև միջազգային իրավունքի որպես գիտաճյուղի գոյության մասին երկարատև բանավեճին, որն իհարկե նոր չէր և երեսուն տարուց ավելի քննադատության թիրախ էր: Երևի թե, նույն հարցականն այսօր կախված է նաև «ինքնիշխանություն», «տարածքային ամբողջականություն», «սահմանների անխախտելիություն», « միմյանց ներքին գործերին չմիջամտելու», «հակամարտությունների խաղաղ կարգավորման և ուժ չկիրառելու» միջպետական հարաբերությունների հելսինկյան սկզբունքների գլխին: Միակ ճիշտ հայեցակարգը որն անսասան է մնում պետությունների ծագման և գոյատևման հինգհազարամյա պատմության ընթացքում, դա «ուժն է ծնում իրավունք» հայեցակարգն է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ